ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պարտավոր է իր դիրքորոշումը փոխել և վարչապետին անվստահության գործընթացի շրջանակներում առաջադրվել։
«Ես վախենում եմ նոր խոսքեր ասել, որ չվնասեմ գործընթացին, որովհետև ես՝ անհավատս, խոր հարգանք եմ ունեցել այդ մարդու հանդեպ։ Իրեն չեմ ճանաչել, բայց շատ ծանրակշիռ մարդ է և հարգանք է վայելում։ Ամեն մեկս մեր գլխի տերը չենք, նույնը նաև Միքայել Սրբազանը և, ներողություն, բայց պարտավոր է իր դիրքորոշումը փոխել, իհարկե, խնդրանքով դիմելով»,-ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Աղազարյանը նաև նշել է, որ հոգևորականը քաղաքացի է, իսկ պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումը անհանգստություն է առաջացնում։
«Հիմա եթե բոլորի կողմից հարգված և ընդունված հոգևորականը գա, 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, և բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 26թ.-ի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությա՞մբ՝ ո՛չ, հոգևորականներն ընդամենը օգնում են այս ճգնաժամից դուրս գալ»,- ասել է նա։