Հաջողվելու դեպքում սա մի քանի անգամ ավելի ահասարսուռ ահաբեկչություն էր լինելու, քան հոկտեմբերի 27-ը. Ազգային ժողովում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում՝ ՀՀ ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին կարող էր լինել, յուրաքանչյուր քաղաքացի կարող էր դառնալ Բագրատ Գալստանյանի կողմից կազմակերպվող և ընդդիմության կողմից խրախուսվող ահաբեկչության թիրախը»,- մասնավորապես ասել է նա։
Կոնջորյանը դիմեց քաղաքացիներին՝ ներկայացնելով, թե ըստ քրեական գործի, ինչ գործողություններ էին նախապատրաստվում։
«Նրանք պատրաստվում էին հրկիզել ավտոբուսներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք, սիրելի հայրենակիցներ, ձեր հարազատները։ Նրանք պատրաստվում էին ստեղծել շղթայական ավտովթարներ, որոնց մեջ կարող էիք լինել դուք և ձեր հարազատները, պատրաստվում էին երկրում ստեղծել համատարած քաոս և այդ պայմաններում պատերի տակ գյուլլել մարդկանց։ Եվ դուք կամ ձեր հարազատները կարող էիք պատահաբար հայտնվել սխալ պատերի տակ։ Կամ մեռնել կամ մեռցնել, ինչպես ասում էր Բագրատ Գալստանյանը»,- ասել է նա։
Կոնջորյանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորներին՝ նրանք է՞լ էին պատրաստվում պատերի տակ մարդ գյուլլել։
«Դուք ընդամենը տեռորիզմի մեյք ափն եք, տիկին Գրիգորյան և դուք բոլորդ։ Բագրատ Գալստանյանի բեք վոկալն էիք։ Դուք արդարացնում եք տեռորիզմը, ձեր խմբակցությունը պաշտոնապես արդարացրել և պաշտպանել է տեռորիզմը, պաշտպանել և արդարացրել եք ՀՀ քաղաքացիներին ավտոբուսների մեջ հրկիզելու սրբապիղծ տեռորիստական ակտը, որը, բարեբախտաբար, բացահայտվել է»,- եզրափակել է պատգամավորը։