Քաղաքական

Ռուսաստանին հուզում է, որ Ադրբեջանը չներգրավվի միջին միջանցքի պրոցեսներում․ Հակոբ Բադալյան

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության պատճառը աշխարհաքաղաքական դիրքավորումների տիրույթում է․ Radar Armenia-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։  

«Օդանավի հայտնի աղետի պատմությունից հետո, արդեն գրեթե կես տարի, հարաբերությունները ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև լարված են։ Ռուսաստանին հուզողն այն է, որ Ադրբեջանը չներգրավվի ԵՄ-ի կողմից առաջ մղվող պրոցեսներում, մասնավորապես, տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի կամ «միջին» միջանցքի առումով։ Խնդիրները լայն են։ Այստեղ կա նաև Իրանի հետ Ռուսաստանի կոմունիկացիայի հարցը, որտեղ Ադրբեջանն աշխարհագրական  դիրքի առումով ևս առանցքային խաղացող է։ Մերձավոր Արևելքում Բաքուն հավակնոտ մտադրություններ ունի՝ դերակատար դառնալու, այստեղ ևս Ռուսաստանի համար կարող են ուշադրության արժանի հանգամանքներ լինել»,- ասել է նա։

Բադալյանի խոսքով՝ հետագա զարգացումները կախված են նրանից, թե ինչքանով Բաքուն կանցնի «կարմիր գծերը»․ 

«Կախված է՝ ինչքան հնարավորություն ունի ՌԴ-ն կոշտ խոսելու Ադրբեջանի հետ, և ինչքան հնարավորություն ունի Ռուսաստանի հանդեպ իր այս ինքնիշխան պահվածքը շարունակել Ադրբեջանը։ Ալիևը, գոնե մինչև հիմա, զգացել է որոշակի կարմիր գծերը և չի անցել դրանք։ Կախված է նրանից, թե Ալիևը կպահպանի՞ նրբազգացությունն այդ առումով, թե՞ կանի քայլեր, որոնք ՌԴ-ի համար կենթադրեն որոշակի ստատեգիական ռիսկեր։ Այդ դեպքում հնարավոր է՝ հարաբերությունների լարվածությունն ավելի սրվի»,- ասել է Բադալյանը։ 

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Առիթը դարձավ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների տներում խուզարկությունը, որի ժամանակ 2 ադրբեջանցի զոհվեցին։ Սրան ի պատասխան՝ Բաքվի ԱԳՆ-ն հրավիրել էր ՌԴ ժամանակավոր հավատարմատարին ու բողոքի նոտա հղել, այնուհետև չեղարկել ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցն Ադրբեջան՝ համարելով այն ոչ նպատակահարմար։