Քաղաքական

Իմպիչմենտի փաստաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է․ Հայկ Մամիջանյան

Վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ձևաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է՝ նույն խմբակցության պատգամավորներինը. Radar Armenia-ին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

«Քննարկումներ գնում են։ Մենք պատրաստ ենք Վեհափառ հայրապետի և արքեպիսկոպոս Աջապահյանի համաձայնության դեպքում սատարել վերջինիս թեկնածությունը։ Եվ դա նախապայման չէ։ Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ եթե թեկնածուն չհամաձայնվի, բոլոր այն մարդիկ, ովքեր սատարում են այդ գործընթացին, կկանգնեն արդեն իսկ մեկնարկած գործընթացին, այն է՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ նախաձեռնված գործընթացին։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է, որովհետև մեզ համար երկրի ազատագրումն է նպատակ»,- ասել է նա։ 

Մամիջանյանի խոսքով՝ երկու պարագայում էլ պետք է հավաքվի 54 ստորագրություն մուտք անելուց առաջ, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ 

Դիտարկմանը, որ Միքայել Աջապահյանը արդեն հայտնել է, որ ցանկություն չունի առաջադրման, Մամիջանյանն արձագանքեց, որ որևէ նորություն չունեն այս պահին։ 

Ինչ վերաբերում, է «Հայաստան»  խմբակցության պատգամավորների ստորագրություններին, Մամիջանյանը նշեց, որ դրանք դեռևս այդ փաստաթղթի տակ դրված չեն։

«Գոյություն ունի վարչապետին անվստահություն հայտնելու 1 ձևաթուղթ՝ Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ։ Դրա տակ կա 6 ստորագրություն, այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ստորագրեն դրա տակ. այլ լուծում չկա։ Չեն եկել, չեն ստորագրել։ Ես վստահ եմ, որ մեր գործընկերները գիտեն, որ վարչապետի անվստահության գործընթացին միանալը նշանակում է գալ և ստորագրել, կամ ուղղակի ստորագրել այդ ձևաթղթի տակ, որն իրենք ուղղակի չեն արել»,- ասել է Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստակամություն էր հայտնել ապահովել գործընթացը իրենց ստորագրություններով ու հրապարակել էր 28 ստորագրություն, որոնք, սակայն, ինչպես նշում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից, դրված չեն իրենց կազմած փաստաթղթի տակ։