Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե՛ մեր, թե՛ հարևանների համար։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Էրդողանին Հայաստան հրավիրելուն, փոխնախարարը նշեց, որ հրավերի առիթը Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ նիստին մասնակցելն է, որը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը՝ Երևանում։
«Որպես կանոն, հյուրընկալող պետությունը պարտավորվում է հրավիրել այս ֆորմատի անդամ բոլոր պետություններին, և պետությունները ղեկավարի մակարդակով մասնակցում են այդ քննարկումներին»։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին՝ փոխնախարարը նշեց, որ դրական են տրամադրված.
«Վերջին քննարկումը երկու երկրների ղեկավարների միջև Տիրանայում է եղել, կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ Ադրբեջանի հետ։ Հայկական կողմը դրական է տրամադրված, և, հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք հանդիպմանը»,- ասել է Կոստանյանը։