«Վստահ եմ, որ այդ ամենը կեղծ է». Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն՝ անդրադառնալով այսօր քննչական կոմիտեի հրապարակած տեղեկություններին ու ձայնագրություններին։
«Չեմ կարծում՝ իրական որևէ բան լինի, հենց սկզբից սուտ է ու կեղծիքի վրա է հիմնված։ Իրավապահ համակարգն ուղղակի գերի է ընկել այս խեղկատակի ձեռքը։ Այսօր ինչ գործողություն իրականացրել են, ապօրինի է, վստահ եմ՝ ժամանակը կգա, այս ամեն ինչի հեղինակները պատասխան են տալու շատ խիստ՝ և՛ օրենքի, և՛ աստծո առաջ»,- ասել է նա։
Հարցին՝ իսկ եթե կեղծ չէ, նման միջոցներով իշխանափոխության հասնելու տարբերակն ընդունելի՞ է համարում, Մելքոնյանն արձագանքեց.
«Վստահ եմ՝ այդ ամենը կեղծ է, հաստատ նման խոսակցություն չէր կարող լինել ու ձայնագրվել»։
Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել ընդդիմադիր մի շարք գործիչների տներում, 14 անձ ձերբակալված է, այդ թվում՝ «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը։ ՔԿ-ն ձայնագրություններ է հրապարակել, որտեղ, առերևույթ, խոսողը Բագրատ արքեպիսկոպոսն է։ Ձայնագրություններում խոսվում է ավտոբուսներ պայթեցնելու, մարդկանց սպանելու պլանների մասին։