Քաղաքական

Կարող ենք համախմբվել. Աղազարյանը որոշել է դաշինք նախաձեռնել

Կարող ենք համախմբվել. Աղազարյանը որոշել է դաշինք նախաձեռնել

Հայաստանում կան տասնյակից ավել կուսակցություններ, որոնք ինչ-որ ծրագրի շուրջ միավորվելու դեպքում կարող են որոշակի իրավիճակ ստեղծել. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ԱԺ անկախ պատգամավոր, ՄԱՍ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։ 

Նշենք, որ օրերս նա հանդիպում էր ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Նրանք ցանկանում են ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա կազմակերպել։  

«Մենք պատրաստ ենք հանդիպել բոլոր ուժերի հետ, բացառությամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Եվրաքվե»-ի և Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքված ուժերի։ Բոլորի հետ մենք կփորձենք. իրենք պատրա՞ստ կլինեն մեզ հետ զրուցել, արդեն չեմ կարող ասել։ «Լուսավոր Հայաստան», «Ապրելու երկիր», ՀԱԿ, «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն»… Կան տասնյակից ավել կուսակցություններ, որոնք ինչ-որ ծրագրի շուրջ միավորվելու դեպքում կարող են որոշակի իրավիճակ ստեղծել և 2026 թվականին գնալ միասնական ճակատով՝ կոնկրետ ծրագրի շուրջ։ Ծրագիրը Պարույր Հայրիկյանի հետ արդեն քննարկել ենք, 2 կուսակցություններն, ըստ էության, ծրագրին հավանություն են տվել»,- ասաց Աղազարյանը։ 

Հարցին՝ իսկ ո՞րն է իրենց ծրագիրը, Աղազարյանը պարզաբանեց.  

«Ծրագրի էությունը հետևյալն է. այդ ուժերը երբ միավորվում են, հաջողության դեպքում մեկ տարով ձևավորում են իշխանություն, և նա, ով կլինի վարչապետ և ԱԺ նախագահ, նրանք հետագայում՝ այդ մեկ տարուց հետո, որևէ բարձր պաշտոն չեն զբաղեցնելու։ Պատրաստվում ենք 2026 թվականի ընտրություններին»,- նշեց Աղազարյանը։  

Նրա խոսքով՝ նշված ուժերը իրար հետ շատ տարաձայնություններ ունեն, բայց կարող են հավաքվել մեկ գաղափարի շուրջ.  

«Եթե համախմբվեն մի գաղափարի շուրջ ու թույլ չտան՝ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, և Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքը գա իշխանության, այդ գաղափարը կմիացնի այդ ուժերին։ 1 տարով կձևավորվի իշխանություն, հավասարակշռված կառավարություն, որ ոչ մեկը չկարողանա իր կողմ քաշի քաղաքական վերմակը, և դրանից 1 տարի հետո կգնանք արտահերթ ընտրությունների, և այդ բոլոր ուժերը կներկայանան ընտրություններին»,- մանրամասնեց Աղազարյանը։ 

Անժելա Պողոսյան