ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:
«Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարևոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում:
Նա բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք այստեղ ենք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ ապագայի ծրագրերին»,- ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:
Նա նշել է, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի և չեխ ժողովրդի համար: Մարիան Յուրեչկան ընդգծել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա և փոխհամագործակցությունն ակտիվացնելու, զարգացնելու հարցում ու վիզաների ազատականացման գործընթացում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար: Նա ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը խորհրդարանին էր ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա անդրադարձել է նաև ԵՄ-ի կողմից կայացված երկու կարևորագույն որոշումներին՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին և Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար:
«Հայաստանը խիստ հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ասել է ԱԺ նախագահի տեղակալը:
Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականի մասին:
Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում: Նշվել է, որ խաղաղությանն ուղղված քայլերն ուժեղության նշան են: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված բոլոր հայ գերիների, ինչպես նաև ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությանը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: