Քաղաքական

Վաղարշապատ ու Խոյ համայնքները կմիավորվեն. հայտնի է ընտրությունների օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արմավիրի մարզի Վաղարշապատ ու Խոյ համայնքները կմիավորվեն. Կառավարության նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշումը։

«Փնջում ներառվում են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։ Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի արդեն լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է միավորվող համայնքների ՏԻՄ լիազորությունները դադարեցնել և միավորված համայնքի ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար սահմանել ժամկետներ, ինչպես նաև Վաղարշապատ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին։