Քաղաքական

Թուրքիայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ. Արման Եղոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմ տեղեկությամբ՝ Թուրքիայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ 

«Բայց գիտեք՝ միջազգային հանդիպումները ոնց են լինում. շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։ Կարծում եմ՝ այցը շատ կարևոր է. եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր։ Հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»,- ասել է Եղոյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցին Թուրքիա։ 

Հարցին՝ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպում տեղի ունենալու դեպքում ինչ օրակարգ կարող է լինել, Եղոյանն արձագանքեց. 

«Եթե տեղի ունենա եռակողմ հանդիպում, բնականաբար, պետք է քննարկվի հանդիպման կողմերից երկուսի միջև առկա խնդիրները»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ եթե Թուրքիան Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու նպատակ ունենա, նման հնարավորություն հաստատ ունի. «Այլ հարց է՝ քաղաքական կամք կունենա, թե չէ։ Բուն այցի փաստը արդեն ասում է, որ նման ենթադրություն մենք կարող ենք անել»,- ասել է Եղոյանը։