ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018թ. ընտրվել է ոչ թե Հայաստանի, այլ՝ ֆորպոստի վարչապետ։
«Երբ մտածում եմ իմ մասին 2018թ. հունիսին, երբ նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն. ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։
2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով, «սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և ՀՀ ժողովրդի շնորհիվ»։
Նա նշել է, որ ֆորպոստացման ֆենոմենը մի երկրի հետ պետք չէ կապել, դրանում ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. «Ֆորպոստացման կրիտիկական մասսան եղել է ոչ թե մեզնից դուրս, այլ մենք ինքներս ենք եղել և ինքներս ենք ապահովել։ Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ ՀՀ կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ պետություն ենք»։
Փաշինյանի խոսքով, 2020թ. նոյեմբերից հետո ինքը եղել է ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում. «Կա մի կետ, որտեղ ինձ համար ֆորպոստի վարչապետից անցում է կատարվել դեպի ՀՀ վարչապետ։ Էդ գործում 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ մեծ դեր են կատարել։ Բայց ես գիտեմ էն օրը, որ վերածվել եմ ՀՀ լիարժեք վարչապետի, և այդ կետից սկսած մինչ օրս գործում եմ այդ տրամաբանությամբ. դա 2022թ. հոկտեմբերի 6-ն էր, երբ ես դարձա ՀՀ առաջին ղեկավարը, որ ճանաչեց ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Ըստ նրա, հիմա, որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան, քան երբևէ, ավելի պետություն, քան երբևէ։