ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատմանը։
«Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրեն և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նոյեմբերից, և նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Կարծում եմ՝ նա արժանացել է հանգստի, որովհետև 5 տարի լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ հեշտ չէ»,- ասել է նա։
Հարցին՝ նրա ազատումը կապվա՞ծ չէ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ իրավապահների գործողությունների հետ, վարչապետն արձագանքել է. «Գիտեք՝ Ձեր նշած հանգամանքների հետ կապ ունեն իմ նշած հանգամանքները։ Իսկ, ընդհանրապես, ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես՝ այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային անվտանգությանը»,- ասել է նա։
Հարցին՝ նա հրաժարվե՞լ է հանձնարարություն կատարել, վարչապետն արձագանքել է. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»։