Քաղաքական

Ինչո՞ւ եք իմ հարցը դրել օրակարգի վերջում․ Արծվիկ Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ինչո՞ւ եք ինձ քրեական հետապնդման ենթարկելու հարցի քննարկումը դրել ԱԺ օրակարգի վերջում. չեք կատարում Նիկոլ Փաշինյանի ցանկությունը»․ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ 

Սիմոնյանն արձագանքեց․ «Ձեր գործընկեր պարոն Օհանյանն ինձ նամակ է գրել, որտեղ տեղեկացրել է, որ ինքը ոտքի պրոտեզի չաշխատելու պատճառով չի կարող մասնակցել նիստին, իսկ ինչպես գիտեք, մենք չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, երբ որ միջնորդության մեջ ներկայացված անձը դահլիճում չէ և բացակայում է հարգելի պատճառներով»,- նշեց Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ նույն հարցի վերաբերյալ 2 միջնորդությունների քննարկումը որոշվել է քննարկել այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը հնարավորություն կունենա մասնակցել։ 

Մինասյանը նշեց, որ խոսքը հենց իր վերաբերյալ հարցի մասին է․ «Հորդորում եմ հնարավորինս շուտ դնել քվեարկության՝ որպես այդ լիազորությունն ունեցող անձ, և այս ջուրը, ապօրինությունը հանրությունն ի վերջո տեսնի, թե ինչպիսի քաղաքական հետապնդում է սկսվել իմ նկատմամբ»,- նշեց նա։ 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ կա ԱԺ խորհրդի նիստ, որին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել․ «Խորհրդի նիստերին չեք գալիս արդեն քանի տարի, գալիս եք հազարից մեկ, կարամ ասեմ՝ որ դեպքերում եք գալիս, բայց կարծում եմ՝ դուք էլ չեք ուզենա բարձր ասեմ։ Հիմա բողոքում և նեղսրտում եք նրանից, որ մենք օրակարգն այսպես ենք դասավորել. կարծում եմ՝ լուրջ չի։ Դուք տեղ ունեք, եկեք ձայն վերցրեք, ասեք՝ ուզում եմ այսինչ բանը։ Խորհուրդը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը ու հարցերի քանակը»։ 

Սիմոնյանը նշեց, որ կարծում է՝ մոտ ապագայում այդ հարցը կքննարկեն․ «Մի անհանգստացեք»

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ միջնորդություն է ներկայացրել  «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդման համար։