Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովին՝ հանդես գալով «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը։
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության մոտեցումներն ու տեսլականը տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների և խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։
Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հաստատելով Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ հասնելու խաղաղ և երկարատև կարգավորման: Նա նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և այժմ առաջնահերթ է դրա ստորագրման և իրագործման գործընթացն ավարտին հասցնելը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Խոսելով տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորության մասին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և երկխոսության վրա: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, ինչը կդառնա տարածաշրջանում անվտանգության և երկարատև խաղաղության կարևոր երաշխիք: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: