Քաղաքական

Այս օրը ժամանակակից ՌԴ նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության և հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։