«Կա իմպիչմենտի մեկ գործընթաց. ուրիշը չկա։ Ուրիշ ցանկացած տեղում ստորագրությունը որևէ կապ չունի իմպիչմենտի գործընթացի հետ». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության՝ երեկ հրապարակած ստորագրություններով ձևաթուղթը։
«Մենք ունենք իմպիչմենտի ձևաթուղթ՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով: Դա ենթադրում է հիմնավորում, ԱԺ որոշման նախագիծ և, ամենակարևորը, թեկնածու, որի տակ և ստորագրել ենք։ Այդ ձևաթղթի տակ կա 6 ստորագրություն։ Մեկ նախադասություն՝ «իմպիչմենտի գործընթացը մեկնարկել է», և դրա տակ կա 6 ստորագրություն։ Ես չգիտեմ, թե ինչի տակ է ստորագրել «Հայաստան» խմբակցությունը»,- ասաց նա։
Ի պատասխան հարցին՝ ինչ ընթացքում են քննարկումները պակասող ստորագրությունները հավաքելու վերաբերյալ, Մամիջանյանը նշեց, որ տարվում է աշխատանք բոլոր ֆորմատներով և ճակատներով։
Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ հավաքվի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ 36 ստորագրություն։ Նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 28 պատգամավոր։ Վերջինս հայտարարել է, որ պատրաստ է 28 ստորագրությունն ապահովել, հետո հրապարակել է ձևաթուղթ, որի տակ խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրություններն են, որը, սակայն, առանձին է «Պատիվ ունեմ»-ի ձևաթղթից։
Այնուամենայնիվ, նրանց ստորագրությունները միասին 34-ն են, ու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար պակասում է 2 ստորագրություն։