Radar Armenia-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ստորագրությունները խոսակցությունների առիթ են դարձել։ «Պատիվ ունեմ»-ից նշում են, որ իրենց նախագծի տակ կա 6 ստորագրություն, և չգիտեն՝ ձեր խմբակցության ղեկավարի հրապարակած լուսանկարում ինչ թղթի տակ է ստորագրված։ Կասե՞ք՝ ինչն է խնդիրը, որ նույն ձևաթղթի վրա չեն ստորագրությունները։
- «Հայաստան» խմբակցությունն, ինչպես հայտարարել է, որ պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար, որևէ տարընթերցումից խուսափելու համար, հատկապես՝ այն պարագայում, երբ հրապարակվել էր 6 ստորագրություն՝ տպավորություն ստեղծելով, որ մեր ստորագրությունը բացակայում է, նույն բլանկի վրա հրապարակել ենք մեր 28 ստորագրությունները։ Դրանք Դավիթ Համբարձումյանի թեկնածության և «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած փաթեթի համար են։ Դրանք կարող են օգտագործվել ցանկացած դեպքում, ցանկացած պահի, երբ մուտք արվի։
- Իսկ իրենց փոխանցե՞լ եք այդ ստորագրությունների թերթիկը։
- Այդ ստորագրությունները մեր գրասենյակում են. ենթադրում եմ՝ դա իրենց պետք է, երբ մուտք անեն։ Եթե բանակցություններում են պետք, դրա համար էլ կարող են օգտագործել։ Այսինքն, մտածում եմ՝ սրանք շատ տեխնիկական հարցեր են, որոնցից առաջ մենք պիտի քննարկենք պակասող ստորագրությունների հարցը, թե գործընթացը երբ է նախաձեռնվում, ինչպես են այդ լրացուցիչ 20 ստորագրություններն ստանում։ 28-ը ունեն, մեզ վրա աշխատելու կարիք չկա, մեզ թիրախավորելու կարիք չկա։ Խնդիրը պակասող ստորագրություններն են։
- Դա նախապայմա՞ն է, որ մյուս ստորագրությունները լինեն, նոր ձեր ստորագրությունները փոխանցվեն իրենց։
- Չէ, նախապայմանի բան չկա։ Պարզ է, չէ՞, որ ստորագրությունները պետք են՝ գործընթացը ԱԺ մուտք անելու համար։ Մուտք անելու համար եթե նախապայման էլ կա, մենք չենք դրել, օրենքն է դրել, որ առնվազն 36-ը պետք է լինեն։ Ոչ, չենք կարող մեկնաբանել որպես նախապայման։
- Իսկ ո՞րն է պատճառը որ հենց նույն ձևաթղթի վրա, «Պատիվ ունեմ»-ի ստորագրությունների տակ չեք դրել ձեր ստորագրությունները։
- Հարցերը շատ արհեստական են ստացվում։ Կարո՞ղ է՝ հաջորդ հարցն էլ լինի՝ ինչու են տարբեր գրիչներով ստորագրվել, ինչու է այս ստորագրությունը դուրս եկել վանդակից։ Մարդկանց իրականում հետաքրքիր է՝ այս գործընթացը ոնց է ավարտվելու, երբ է, ի վերջո, նախաձեռնվելու, ոնց է հաջողության հասնելու։ Այդտեղ եթե լրացուցիչ օժանդակության կարիք կա, մենք ինչ-որ բան ավել կարող ենք անել, դրան էլ ենք պատրաստ, ու դա ամրագրվել է մեր հայտարարությամբ։ Եթե խոսելու բան կա, չեմ կարծում՝ ձևը եթերով մեկնաբանություններն են, եթե խոսքը «Պատիվ ունեմ»-ի մասին է։ Մնացածը՝ ֆեյսբուքյան նախաձեռնող խմբի անդամները ինչ են մեկնաբանում, ինչ բառապաշարով են մեկնաբանում, կարծում եմ՝ ավելի շատ խոսում է իրենց նպատակների մասին, քան՝ հաջողության հասնելու ծրագրի։
- Եթե, այնուամենայնիվ, հասկանաք, որ հասարակության շրջանում թյուրըմբռնում կա, պատրա՞ստ եք կրկին ստորագրել, այս անգամ՝ իրենց իսկ ձևաթղթի տակ։
- Այսինքն, քանի՞ անգամ, մենք ի՞նչ պետք է ստորագրենք։ Եթե «Պատիվ ունեմ»-ը ինչ-որ այլ պահանջ, առաջարկ ունի, կարող է գալ, քննարկել. կարծում եմ՝ այդ կամուրջներն այրված չեն, հեռախոսակապը կա։ Հարցն այն է՝ գործընթացը ինչպես է տեղից շարժվելու։ Էլ չգիտենք՝ ոնց ցույց տանք, որ ունեն մեր այդ 28 ստորագրությունը։ Այն 2-ն ունե՞ն, կամ այն 18-ն ունե՞ն։
- Իրենք անձնապես ձեզ չե՞ն դիմել, որ իրենց ներկայացրած թղթի տակ ստորագրեք։
- Ոչ։
- Իմպիչմենտի՝ հաջողության հասնելու դեպքում առանձին թեկնածու ունենալու՞ եք, թե՞ իրենց թեկնածուին եք պաշտպանելու։
- Ոչ, առանձին թեկնածու չունենք այս գործընթացի համար։ Եթե որևէ փոփոխություն լինի, կհայտարարենք, բնականաբար։ Մենք աջակցություն ենք հայտնել, պատրաստակամություն ենք հայտնել 28 ստորագրությունները տրամադրել Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացի համար։
- Դուք աջակցո՞ւմ եք, թե՞ միանում նրանց նախաձեռնությանը։ Իրենց հետ հավասարապես փորձելո՞ւ եք ստորագրություններ հավաքելու համար աշխատանք տանել։
- Մենք պատրաստ ենք մեր գործիքակազմով այնքան աջակցել, որքան կարող են պատկերացնել նախաձեռնողները։ Եթե հավելյալ ջանք գործադրելու կարիք կա, դրա մասին պետք է պարզ ասվի, ու պատրաստ ենք խոսակցության։ Մենք չենք կարող ստանձնել գործընթացի պատասխանատվությունը և հանդես գալ նախաձեռնողներ, որովհետև եթե տեսնեինք, որ այս ճանապարհով հնարավոր է, ինքներս կնախաձեռնեինք։ Ողջունում ենք, որ «Պատիվ ունեմ»-ը ստանձնել է քաղաքական պատասխանատվություն և նախաձեռնել է գործընթացը։ Ենթադրում եմ՝ կա հաջողության հասնելու իրատեսական, ողջամիտ ծրագիր։
- Խնդրեմ պարզաբանեք՝ ճի՞շտ եմ հասկանում, որ դուք պատրաստ եք իրենց ձևաթղթի տակ ստորագրել, եթե իրենք անձամբ ձեզ դիմեն։
- Անձամբ մեզ դիմելու հարցը չէ, մենք ասում ենք՝ ստորագրություններն ինչի համար են պետք՝ մուտք անելու՞, դա՞ է պակասում։ Այսինքն, օրինակ, գնում են մուտք անելու, մեր ստորագրությունները պետք է, թուղթը խանգարում է, համապատասխան չի իրենց ձևաթղթին, լավ, դա կշտկենք։ Կարո՞ղ են այդ թուղթը վերցնել, միանգամից մուտք անել, խնդրեմ։ Ուզում եմ հասկանալ՝ տեխնիկական հարցերի վրա շեշտադրումն ի՞նչ նպատակ ունի։ Մենք պատրաստ ենք եղել և պատրաստ ենք մեր 28 ձայները տրամադրել, որ գործընթացն սկսեն։
Անժելա Պողոսյան