Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը չկայացավ։ Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 15 անդամները չեն ներկայացել նիստին։ Քվորում տեղի չունեցավ՝ հաշվի առնելով, որ ավագանու անդամների կեսից ավելին չէր ներկայացել նիստին։
Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր 2 խմբակցությունների ավագանու անդամներ։
Էջմիածնի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այսպիսով երկշաբաթյա ժամկետ է սահմանվում ու եթե այդ ընթացքում չընտրվի համայնքի ղեկավար, ՀՀ Կառավարությունը կլուծարի համայնքի ավագանին։
«Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանն ասաց, որ առաջիկայում ավագանու անդամների 1/3-ի պահանջով ևս մեկ նիստ կհրավիրեն։
Հիշեցնենք, որ իշխող ՔՊ ուժի ներկայացուցիչ, Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հայտնել էր, որ հրաժարական է ներկայացնում։