Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ից սուր են արձագանքել Մեդինսկու հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, որում նա Ուկրաինայի օկուպացված տարածքները համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ։

«Մեդինսկու հայտարարությունը, որտեղ ներկայացվում է Ղարաբաղի շրջանը որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է առաջացնում։ Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահի օգնականը, միևնույն ժամանակ Ռուսաստանի պատմական կրթության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը չի գիտակցում, որ Ղարաբաղը երբեք չի եղել վիճելի տարածք։ Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը պատմականորեն հանդիսանում է ադրբեջանական հող։ Ռուսաստանը ևս ճանաչել և ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»,- նշել է Հաջիզադեն։

Նա խորհուրդ է տվել Մեդինսկուն՝ ձեռնպահ մնալ այսպիսի հայտարարություններից.

«Խորհուրդ ենք տալիս Մեդինսկուն՝ ձեռնպահ մնալ այսպիսի սխալ հայտարարությունները այն թեմաներով, որոնք դուրս են նրա մասնագիտական շրջանակներից, որպեսզի չվնասվեն միջպետական հարաբերությունները»։