Հարցազրույց

«Ափսոսում եմ, ուզում եմ փրկել Դավիթ Համբարձումյանին». Գեղամ Նազարյան

Radar Armenia-ի զրուցակիցը ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ 

- Պարոն Նազարյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել՝ թեկնածու առաջադրելով Դավիթ Համբարձումյանին։ «Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ կապահովի անհրաժեշտ 28 քվեները։ Դուք պատրաստվո՞ւմ եք միանալ նախաձեռնությանը։ 

- Ոչ, չեմ պատրաստվում միանալ։ Ինչու՞ միանամ մի բանի, որն ավարտվելու է պարտությամբ։ 

- Ինչո՞ւ եք կարծում, որ պարտությամբ է ավարտվելու։ Նախաձեռնողները, կարծես, հնարավորություն տեսնում են հաջողության հասնելու։ 

- Հենց կբերեն, կտեսնեմ, որ ՔՊ-ից 25 հոգի միացել է այդ ստորագրահավաքին, ես կմիանամ, իսկ հիմա չեմ միանում, որովհետև անլուրջ ու անհայտ ծագման գործընթացներին չեմ միանում։ 

- Իսկ թեկնածուին՝ Դավիթ Համբարձումյանին, ճանաչո՞ւմ եք։ Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին։ 

- Հոյակապ անձնավորություն է. ափսոսում եմ, որ այդ տղայի հետ այդպես վարվեցին։ Նա հիանալի մարդ է, հիանալի ՏԻՄ ղեկավար. իրոք, անկեղծ ափսոսում եմ։ 

- Այսինքն, առաջարկված թեկնածուի հետ խնդիր չունե՞ք։

- Բացարձակ, ես իրեն ուզում եմ փրկել։ 

- Առհասարակ՝ այս պահին վարչապետին անվստահություն հայտնելու կարիք տեսնո՞ւմ եք։

- Ոչ, չեմ տեսնում․ մի տարի է մնացել ընտրություններին։ 

Նշենք, որ վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ հավաքվի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ 36 ստորագրություն։ Նախաձեռնող «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի 6 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը՝ 28 պատգամավոր։ Այսպիսով, նրանց ստորագրությունները միասին 34-ն են, ու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար պակասում է 2 ստորագրություն։ 

Իսկ Ազգային ժողովի կողմից հարցի ընդունման համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ պատգամավորների պարզ մեծամասնությունը։ Այսինքն, անհրաժեշտ կլինեն նաև իշխող ՔՊ պատգամավորներից 18-ի ձայները։ 

Անժելա Պողոսյան