ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես:
Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից՝ ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում: Այն հնգամյակի ամենակարեւոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության եւ ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր:
Հակոբ Արշակյանը շրջել է Հայաստանի «Այսօրվա եւ վաղվա սյուները» խորագիրը կրող տաղավարով: Այն ներկայացնում է Հայաստանի խոշորագույն նորարարական նախագծերը, պատմամշակութային ժառանգությունը, բարենպաստ ներդրումային պայմանները եւ, իհարկե, ապագային միտված կրթական նախաձեռնությունները` Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը:
Տաղավարում ներկայացված են նաեւ Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:
Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը, հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվում են մարդկության նորագույն ձեռքբերումները տեխնոլոգիաների, առողջապահության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Այս
ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են հեռախոսը, հեռուստացույցը, CD-ն եւ այլ կարեւոր հայտնագործություններ, ցուցահանդեսի համար են կառուցվել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լոնդոնի Ապակե պալատը, Բրյուսելի Ատոմիումը եւ այլն: