Սարդարապատում Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։
Վարչապետը ելույթ է ունեցել, նշելով. «Առաջին Հանրապետությունը մեզ կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի։ Մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ Հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է, և նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»։
Նրա խոսքով. «Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ Խորհրդային Միության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետականության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «1991թ, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70–ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծություն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն»։
Վարչապետը նշել է, թե պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։
Ըստ վարչապետի, մեր ինքնությունը մեր պետությունն է։
«29743 քառ.կմ տարածքով ՀՀ-ն մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է»,- ասել է նա։
Ըստ վարչապետի, վերջին 4 ու կես դարի մեր պատմության ուղերձն է, որ չկրկնենք այդ պատմությունը։
«Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է, մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։
Պետությունը պատասխանատվություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։