Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ մի օր, երբ անվտանգ լինի, վերադառնան իրենց տներում ապրելու, - ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ լավ կլինի, եթե մի օր բացվեն նաև հայկական եկեղեցիները։ Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է քաղաքականություն վարել։
«Երբ կնքվի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում։ Մյուսները կարող են վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Հիմա հայերն ինչպե՞ս են ապրում Վրաստանում», - նշել է նա։
Նրա խոսքով, խաղաղություն ասելով՝ կողմերը պարզապես իրար բարև չեն տալիս. «Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները կսկսեն առևտուր անել, միմյանց հետ շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։
Ըստ Սիմոնյանի, անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել խաղաղության։ Նա օրինակ է բերել Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը՝ նշելով, որ այդ եվրոպական երկրները դարեր շարունակ պատերազմել են։ «Ղարաբաղի շրջափակման ժամանակ անգամ առևտուր է եղել։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող վերցրել։ Մի ապրեք հեքիաթներով, թե պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»։