Քաղաքական

«Ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել բոլոր ոլորտները»․ Միրզոյան

«Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Անվտանգային մարտահրավերների կառավարումը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ներառական համագործակցության միջոցով» խորագրով պանելային քննարկումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին և Թուրքիայի «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության ծրագրի ղեկավար Նիգար Գյոքսելը։

«Մենք արդեն կատարել ենք շոշափելի քայլեր խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվ այդ քայլը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ երկկողմ համաձայնությունն է։ Անկեղծորեն հուսով եմ, որ բոլորը կընդունեն՝ սա նշանակալի ձեռքբերում է, և մենք պատրաստ ենք ստորագրել այս համաձայնագիրը, այնուհետև, իհարկե, նաև վավերացնել այն, ինչը կբացի խաղաղության և համագործակցության նոր դարաշրջան Հարավային Կովկասում։

Եվ անդրադառնալով նաև այս պանելի խորագրին՝ հնարավոր է, և հուսով եմ, որ այս մոդելը նաև իրապես կիրառելի կլինի այլ տարածաշրջանների համար ևս։ Իհարկե, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, նրբությունները, սակայն խաղաղություն հաստատելու և համագործակցության ու խաղաղության բաց դարաշրջան ձևավորելու այս ընդհանուր մոտեցումը հնարավոր է փոխանցել Ուկրաինային, Մերձավոր Արևելքին և այլ տարածաշրջաններին, որոնք կարիք ունեն արտաքին միջամտության կամ աջակցության։

Համագործակցությունն ու խաղաղությունը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության փոխադարձ և հստակ ճանաչման վրա։ Եթե խախտվում են սահմաններն, ապա ամբողջ հայեցակարգը փլուզվում է։ Ահա թե ինչու մենք կարող ենք քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, որը, կրկին, բավականին պարզ փաստաթուղթ է, ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող կարգավորել կյանքը կամ հարաբերությունների բոլոր ոլորտները երկու երկրների միջև, այդ պատճառով մենք քննարկում ենք նաև ապագա հնարավոր համագործակցությունը և տարանցիկ ճանապարհները, որոնք անցնում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքով։ Հետևաբար, համագործակցությունն ու ներգրավվածությունն իսկապես առանցքային նշանակություն ունեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։