Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ որ դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին․

«Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և կառուցողական առաջարկ՝ ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն վայրում»,- ասել է նա։ 

Վարչապետը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի և ՀՀ սահմանադրության համապատասխանության հարցի մասին։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը պարտավոր է այն ուղարկել Սահմանադրական դատարան․

«Այդ տեսանկյունից մենք երկու տարբերակ ունենք․ առաջինն այն է, որ ՍԴ-ն որոշում է, որ պայմանագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Եթե նման որոշում լինի (թեպետ մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը), մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ կասեմ՝ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ այս խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնել»,- շեշտել է նա։

Իսկ եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը ամբողջությամբ համապատասխանում է սահմանադրությանը, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը վավերացման ուղարկելու ճանապարհին․ «Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որ Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս,- ասել է վարչապետը։