ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումում կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։
«Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում, միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանք և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժում, ինչպես նաև մյուս երկրների հետ ավանդական հարաբերությունների խորացում»,- ասել է նա։
Միրզոյանը նաև նշել է. «Աշխարհը ենթարկվում է սեյսմիկ փոփոխությունների՝ աշխարհաքաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիաների և կլիմայի առումներով: Ներկայիս փոթորկահույզ իրավիճակում ազգերը կորցնում են իրենց կողմնացույցը, և այդ փոփոխությունների վերաբերյալ միայն մեկ բան է հաստատ՝ բոլորս գիտենք, որ այդ փոփոխությունների ձևավորած ուղին և վերջնական հանգրվանը շարունակում են բացարձակապես անհայտ մնալ:
Վերջին մի քանի տարին շատ ենք խոսել աշխարհում տեղի ունեցող անորոշությունների, անսովոր երևույթների և զարգացումների մասին, այնպիսի բաների, որոնց դրսևորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ»:
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի սկզբունքներն, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը. «Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում ու կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն»,- ասել է նա՝ հավելելով, որ դաշինքները կորցնում են իրենց ամբողջականությունը, երբեմնի անսասան կապերը խարխլվում են:
«Տառապանքն Ուկրաինայում և Գազայում մեկուսի դեպքեր չեն: Դրանք նաև համակարգային ձախողումների արտացոլանքն են: Հիբրիդային պատերազմի երբեմնի ուրվականն այժմ դարձել է անհերքելի իրականություն»,- շեշտել է ԱԳ նախարարը: