ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է 2022 թ. Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակմանն ու այդ օրերին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը: «2022 թ. օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով: Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում: Սա օգոստոս ամսին էր, օգոստոսի վերջ, երբ հասկացանք՝ չկա միասնական դրական դիրքորոշում: Ապա սեպտեմբերի առաջին կեսին տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում»,- նշել է նա:
Միրզոյանը հիշեցրել է, որ այդ մասին տեղյակ են պահել դաշնակիցներին, այդ թվում՝ ՌԴ-ին:
Խոսելով ԼՂ խնդրի մասին և արձագանքելով Լավրովի խոսքերին, թե ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի կազմում, նշել է. «ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է ԼՂ պատկանելիությունը Ադրբեջանին, ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը: ՀՀ-ն, կրկին ուզում եմ առիթից օգտվել ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է նա: