Քաղաքական

«Թույլ չենք տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանի նկատմամբ». Նասիրզադե

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների հաղորդակցության պատմական ճանապարհն է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։

ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և հայտարարել.

«Իրանի սկզբունքային քաղաքականությունը բոլոր հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն է, և ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել այդ ճանապարհին»։

Նասիրզադեն, աջակցելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին, ընդգծել է, որ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրերի ստորագրմանը և պատրաստ է արագացնել այդ գործընթացը:

Նա հավելել է. «Կովկասում տևական խաղաղությունը հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար»:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և իրանական ղեկավարության վերջին հանդիպումներին՝ պաշտպանության նախարարը հայտարարել Է. «Իրանը հատուկ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, և համագործակցությունը շարունակվելու է փոխադարձ շահերի հիման վրա և անկախ օտար տերությունների ճնշումներից»:

Իր ելույթի մեկ այլ հատվածում Ամիր Նասիրզադեն խոսել է Կովկասում արտատարածաշրջանային տերությունների ներկայությունից և հավելել. «Տարածաշրջանային անվտանգությունը պետք է մշակվի տարածաշրջանի երկրների կողմից: Քանի որ արտաքին միջամտությունը միայն կուժեղացնի անկայունությունը»։