Հանրապետական կուսակցությունը եղել է փոքր կուսակցություն, մեծ հարց է՝ ով ում է ավելի շատ աջակցություն ցուցաբերել. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Միասին պայմանավորվել ենք՝ Վազգեն Սարգսյանը դարձավ առաջնորդ, և Հանրապետական կուսակցությունը, որպես արդեն իշխանական կուսակցություն, թափ հավաքեց։ Այդ իշխանության ժամանակ նախագահի իշխանությունը շատ ավելի մեծ էր, քան՝ վարչապետի։ Ես էի նախագահ։ Եվ ասել, որ իրենք ինձ թիկունք են կանգնել... այո, եղել են խորհրդարանական մեծամասնություն, բայց տվյալ դեպքում մեծ հարց է՝ ով ում ավելի շատ աջակցություն ցուցաբերեց»,- ասել է Քոչարյանը։
Անդրադառնալով հանրապետականների պնդումներին, թե ինքը նրանց թիկունք չի կանգնել, իսկ հանրապետականները աջակցել են իրեն, Քոչարյանն արձագանքեց.
«Ե՞րբ է Հանրապետական կուսակցությունը իշխանություն դարձել, ես ո՞վ էի այն ժամանակ․ նախագահը։ Ո՞վ է ում թիկունք կանգնել, ո՞վ է ում օգնել դառնալ իշխանություն։ Մեծ հարց է։ Իրենք թիկունք չլինեին, ուրիշները կլինեին։ Նույնիսկ բարոյականության հարց կա այդ կարգի բան հնչեցնելու մեջ․ երևի երիտասարդ են, որոնք այն ժամանակը լավ չեն հիշում»։
Քոչարյանը նաև ասել է, թե 2018թ. իշխանափոխությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ և՛ ՀՀԿ-ի, և՛ երրորդ նախագահի համար. «Ես ունեմ իմ պատկերացումը, որն այդքան էլ չի համընկնում ՀՀԿ պատկերացումների հետ»։
Նա խոսել է նաև 2021թ. ԱԺ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից. «Խոսակցություն եղել է, բայց ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին։ Հակառակը, ՀՀԿ մասնակցությունն ինձ խանգարեց։ Այո, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր, իսկ ես ասում էի, որ ընդդիմությունը չի կարող չմասնակցել»։