ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
«Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցած շաբաթ: Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները ստացան ժողովրդի լայն աջակցությունը: Հանրապետության բնակիչները՝ ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, սրտի կանչով եկան ռազմական հուշարձաններ՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանելու համար մեկնած 600 հազար հայերի հիշատակին, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան:
Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն զայրույթ առաջացրին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները, որոնք փաստացի արդարացնում էին հիտլերյան Գերմանիայի ագրեսիան և այդ սուրբ օրով հնչեցին երկրի գլխավոր հեռուստաալիքով: Հատկապես ցավալի էր նման խոսքեր լսել մի մարդու բերանից, որը ներկայումս ղեկավարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հաշվետու-շտաբային ինստիտուտը, որն անվանակոչված է Հայրենական մեծ պատերազմի անվանի զորավար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Բաղրամյանի անունով:
Դժվար է նման արարքը գնահատել այլ կերպ, քան որպես մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, նրանց, ովքեր կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությունը «դարչնագույն ժանտախտից»»: