ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատել է, որ քաղաքացիները հոգնել են պարբերական լեզվակռիվների ու քաշքշուկների վերածվող նիստերից։ «Դուք մենակ չեք, ես և ողջ ՔՊ խմբակցությունը ձեզ հետ հոգնել ենք սրանից»,- ասել է նա։ Ռուբինյանը ներկայացրել է նաև այս իրավիճակի պատճառները.
«Լևոն Քոչարյանը կանգնած է ողջ «Հայաստան» խմբակցության ետևում։ Կին, տղամարդ կենդանի պատ են կազմել, ինքն էլ հետևից հայհոյում է, ասում՝ իմ պապիկին (թե պապային) էսինչ ասողը էսինչ-էնինչ է։ Ու գնում է, ողջ խմբակցությունով հեռանում են։ Ասի՝ էս ի՞նչ է եղել, ո՞վ է նեղացրել Քոչարյանի երեխուն, որոշեցի բացել հեռարձակումը, տեսնել՝ ինչ է կատարվում»,- պատմել է նա։
Ռուբինյանը նշեց, որ դիտել է ԱԺ նիստի տեսագրությունը, լսել «պատանի Քոչարյանի ելույթը»։ Ըստ Ռուբինյանի, ԱԺ-ում տեղի ունեցածն իրեն հիշեցրել է «պորճի լակոտին», որը Գոռ Վարդանյանի ֆիլմերի հերոսներից է։
Ըստ նրա՝ սա ամոթ է, բայց ինքն ըմբռնումով է մոտենում «կրտսեր Քոչարյանի» պահվածքին։
Ռուբինյանը նշեց, որ այս ամենն ունի լուրջ հիմք ու պատճառ. «Մի քանի օր առաջ գլխավոր դատախազը հայտարարեց, որ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 մլն դոլար։ Վերջին շրջանի ԱԺ այս իրավիճակները պայմանավորված են միայն սրանով»,- ասել է նա։
Ըստ Ռուբինյանի՝ իրենք զսպում են, որ դաստիարակչական ապտակ չհասցնեն, իսկ «Հայաստան» խմբակցությունն էլ դարձել է Քոչարյանի «դայակն ու ախրաննիկը»․ «Ետևից ման են գալիս, որ կաթիկը չպակասի, կամ տակը չոր լինի»։