Քաղաքական

Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկում է ունեցել

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։