Քաղաքական

«Իսկ Ռուսաստանն ո՞ւմ կողմից է լինելու». Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, որ դրանք ընթանում են երկկողմ ձևաչափով:

Բանակցությունների արդյունավետության մասին հարցին ի պատասխան Գրիգորյանը հիշեցրել է, որ այդ ձևաչափով կողմերին արդեն հաջողվել է համաձայնեցնել պայմանագրի տեքստը: «Առնվազն վերջնական ինտենսիվ փուլում, երբ տեքստն էր համաձայնեցվում, բանակցությունները երկկողմ էին ընթանում»:

ՌԴ-ի միջնորդությանն անդրադառնալով՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ ունեցել է միջնորդի դեր:

Միաժամանակ, նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ Հայաստանը միայնակ չէ բանակցում. կա նաև երկրորդ կողմը՝ Ադրբեջանը, որը պետք է համաձայնի Ռուսաստանի միջնորդությանը: Դիտարկմանը, թե Բաքուն փաստացի միայնակ չէ բանակցություններում, և նրա կողմից հանդես է գալիս Անկարան, որն իր պահանջներն է ներկայացնում Երևանին, ԱԽ քարտուղարն արձագանքել է. «Իսկ Ռուսաստանը ո՞ւմ կողմից է լինելու։ Հենց այդ հարցի պատասխանն ունենաք, կքննարկենք»: