Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության է դրել ու հաստատել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։
Զեկույցին կողմ է քվեարկել 367, դեմ 74, ձեռնպահ՝ 188 պատգամավոր։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հաշտեցման, բարիդրացիական հարաբերությունների, տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով, և ողջունում է մինչ այժմ գրանցված առաջընթացը։
Եվրախորհրդարանականները ողջունում են երկու երկրների միջև կապերի վերականգնման շարունակական ջանքերը, կոչ են անում Թուրքիային արագացնել Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպիսիք են օդային տարածքի և սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Զեկույցը ողջունում է Սիրիային մարդասիրական օգնություն փոխանցելու նպատակով Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ ԵԽ պատգամավորները հույս են հայտնում, որ այս զարգացումները կարող են խթան հանդիսանալ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար՝ այդ թվում անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, և ընդգծում են ԵՄ-ի շահագրգռվածությունն այս գործընթացին աջակցելու հարցում։
Զեկույցը խրախուսում է Թուրքիային տարածաշրջանային կայունության խթանման գործում կառուցողական դեր խաղալ՝ աջակցելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին, մասնավորապես Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելով և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ հնարավոր հետագա ռազմական գործողությունները կանխելով։
Զեկույցը հերթական անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու միջոց, և լիարժեք հարգել հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու իր պարտավորությունները։
Ըստ զեկույցում տեղ գտած կետերի՝ Եվրոպական Միությունը շարունակում է ճանաչել Թուրքիան որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն ընդգծում է, որ բանակցությունները փաստացի կանգ են առել 2018 թվականից՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խաթարման վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով։