«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում ներկայացնում է ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Խոսքը վերաբերում է Քոչարյանի ու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Թովմասյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ նրա ու նիստը վարողի՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի միջև։
Թովմասյանն, իր ելույթում հիշելով ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթներից մեկը, նշեց, որ նա «խուլիգանի պես» է պահել իրեն։
Այս ձևակերպումը բարկացրեց Արշակյանին. վերջինս հորդորեց պատգամավորների մասին հարգալից խոսել և ավարտել ելույթը։
Թովմասյանը շարունակեց խոսել՝ Արշակյանին հորդորելով կարգի հրավիրել Հովհաննիսյանին ու նշելով, որ նա իրեն ոչ հարիր է պահում։ Արշակյանը հրահանգեց անջատել նրա խոսափողը։