«Փորձում եք ուժեղ տղամարդ առաջնորդի կերպար ստանալ, բայց մոռանում եք, որ ուժեղ տղամարդ լինելուց առաջ նախևառաջ տղամարդ լինել է անհրաժեշտ». այսօր, Ազգային ժողովում դիմելով ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Իսկ տղամարդ լինելու համար սեփական խոսքը պահել պետք է իմանալ, սեփական խոսքի արժեքն է պետք իմանալ։ Սրա մասին գիտի յուրաքանչյուր հայ տղամարդ»,- ասաց Ալեքսանյանը։
Նա հիշեցրեց այն դրվագը, երբ իշխանական պատգամավորներից մեկը ԱԺ-ում նշել էր, որ Լևոն Քոչարյանի երեխաները ծնվել են ԱՄՆ-ում, ինչից հետո Քոչարյանը մոտեցել էր իրենց խմբակցությանն ու խնդրել փոխադարձաբար չթիրախավորել ընտանիքի անդամներին։
«Մենք դրան վերաբերվում ենք ոչ թե որպես Քոչարյանի որդու, ոչ թե որպես «Հայաստան» խմբակցության պատգամավորի խնդրանք, այլ որպես մարդու, երիտասարդ հոր խնդրանք, ու մեզ հատուկ միամիտ մարդասիրությամբ ընդունում ենք։ Այս դեպքից ուղիղ մեկ ամիս անց հայր և որդի Քոչարյաններին սպասարկող հայտնի տերտերի աջակիցները թիրախավորում են իմ 70-ն անց մորը, շրջափակում, իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անում՝ ամեն կերպ սադրելով, որ սադրանք ստանան։ Քոչարյանի բոլոր լրատվականներն անխտիր վիրավորական ու ծաղրական հոդվածներ ու տեսանյութեր են պատրաստում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ձեր խոսքի արժեքի մասին»,- ասաց Ալեքսանյանը։
Նա ընդգծեց, որ հայերը ծնողապաշտ են, ու մայրը սրբություն է. «Մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ միայն առողջություն ենք մաղթում»։
Ալեքսանյանը նշեց, որ Լևոն և Ռոբերտ Քոչարյաններին սպասարկողների կողմից սկիզբ արած արշավն իր ընտանիքի դեմ շարունակվում է․
«Թիրախավորվում է այն հանգամանքը, որ ես մեկն եմ այն հազարավոր ու, գուցե, տասնյակ հազարավոր մարդկանցից, երեխաներից, որոնց ծնողներից մեկը թողել է ընտանիքին ու գնացել հյուսիսային երկրներ, հետո այնտեղ կազմել երկրորդ ընտանիք։ Այս հանգամանքով փորձ է արվում թիրախավորել ինձ կամ իմ մորը։ Ուզում եմ ասել, որ ես որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առջև, որոնք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին»,- նշեց Ալեքսանյանը՝ հորդորելով իրեն ասելիք ունենալու դեպքում անձամբ իրեն դիմել։