Քաղաքական

ԿԸՀ-ն պարզաբանել է Գյումրիի ավագանու անդամի հետ կապված իրավիճակը

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրիի քաղաքապետից գրություն էր ստացել, որ ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ նա չի ուզում հրաժարվել մանդատից. ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը Radar Armenia-ի հետ զրույցում։ Նա, անդրադառնալով նիստ չգումարելուն, նշեց, որ հարցը քաղաքապետարանի տիրույթում է։

«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ գրություն չկա»,- նշեց ԿԸՀ խոսնակը։ 

Նա նաև հայտնեց, որ այսօր՝ ժամը 18։00, նիստ է գումարվելու։ 

Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Սոս Հակոբյանն, անդրադառնալով ավագանու անդամի կողմից մանդատից հրաժարվելուն, ապա՝ դիմումը ետ վերցնելուն, կարծիք էր հայտնել, որ նրա կամքի վրա ազդեցություն է եղել։ Նա տարակուսանք էր հայտնել առ այն, որ ԿԸՀ-ն ավագանու անդամի լիազորությունները հաջորդ թեկնածուին փոխանցելու հարցով նիստ չի գումարել։