Քաղաքական

«Արշավը վարողների զգալի մասը Քոչարյանի աջակից է ներկայանում». Մամիջանյան

Վարչապետի որևէ թեկնածու չունենք, բայց պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

«Միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում՝ ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար, այն է, որ այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու չունի: Սա միակ խնդիրն է, որն այս պահին մեզ խանգարում է ստորագրել»,- նշեց պատգամավորը։  

Անդրադառնալով պնդմանը, թե Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանն ուղղորդվում են Սերժ Սարգսյանի կողմից, Մամիջանյանն արձագանքեց.  

«Ում ուզում է լինի, Հանրապետականը երբ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում ասելիքի համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել՝ ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պադվալներից, տարբեր գրասենյակներից վարձու գործիչների։ Չնայած՝ գործիչների չէ, գործիքների, Հանրապետականի դեմ»,- նշեց նա։  

Պատգամավորի խոսքով՝ այդ արշավը վարողների զգալի մասը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից. «Այդ արշավը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ 7 տարի վարող մարդկանց զգալի մասը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից»։