Քաղաքական

«Եթե հասնենք այս պահին հագած շորերին, գրեթե բոլորդ մերկ կմնաք». Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը։ Նա նշել է, որ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն․

«Ես որքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, դա նշանակում է, որ նա գողացել է։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր լինի, միևնույն է, չի կարող հիմք լինել, որ խախտվեն սահմանադրական իրավունքները»,-ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ՍԴ որոշման հիման վրա դատախազությունն անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի, մասնավորապես, հրաժարվի այն գործերից, որոնցով կապը չի ներկայացրել ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի հետ. 

«Դատախազությունը պետք է անհապաղ հրաժարվի այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարում հարուցված գործերի շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի ու հրաժարվի այն գույքի բռնագանձման պահանջներից, որոնք մինչ պաշտոն զբաղեցնելն են ձեռք բերվել»։

Նա անդրադարձել է նաև ՍԴ որոշման բացասական կողմերին. «Օրենքները, որ վատթարացնում են անձի իրավական վիճակը, հետադարձ ուժ չունեն։ Մենք մեր դիմումում հստակ ցույց էինք տվել, որ օրենքը հետադարձ ուժ ունի, նոր պարտավորություններ է դնում մարդկանց վրա, պարտավորեցնում է, որ ապացուցեն իրենց գույքի օրինականությունը և պարտավորեցնում են պահպանել գույքի հետ կապված ապացույցները, որ ձեռք են բերել մինչև օրենքի ընդունումը»։ 

Ըստ նրա՝ եթե ապագայում կարելի է նման պահանջ դնել, ապա նախկինում ձեռք բերված գույքի հետ կապված նման պահանջը նշանակում է օրենքին տալ հետադարձ ուժ. 

«Պատկերացրեք՝ ընդունվում է անհեթեթ օրենք, որ եթե չհիմնավորեք, որ ձեր հագի շորերը ձեռք եք բերել խանութից կամ նվեր ստացել, ձեզնից պետք է վերցնեն դրանք։ Եթե այդ օրենքն ընդունվի, հետագայում կտրոնները կպահպանեք, նվեր ստանալուց էլ՝ պայմանագիր կստորագրեք, հավանաբար, նոտարի մոտ էլ կգնաք։ Բայց եթե խոսքը վերաբերի այս պահին ձեր հագած շորերին, հավանաբար գրեթե բոլորդ կհայտնվեք մերկ վիճակում, քանի որ ոչ մեկի մտքով չէր անցել, որ պետք է պահի անցյալ տարի գնած շորերի կտրոնները։ Այս օրենքը նման դրույթ է պարունակում՝ գույքի հետ կապված։ Եւ ամենացավալին այն է, որ ՍԴ-ն դրան տարօրինակ ձևով անդրադարձավ՝ նենգափոխելով մեր փաստարկը»։