«Մեղադրանքի բովանդակության մեջ որևէ բան փոփոխել չէինք կարող. այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին։
«Վճռաբեկ դատարանի որոշումը, որը հրապարակվեց, դրա հիման վրա մեղադրանքի իրավական գնահատականի մասը փոփոխվեց։ Վճռաբեկ դատարանը շատ հստակ սահմաններ էր դրել, իրավական գնահատականի փոփոխման մասով հնարավորություն էր տվել վարույթն իրականացնող դատախազությանը, որ փոփոխված իրավական գնահատականով մեղադրանք ներկայացնի դատարան։
Մենք մեղադրանքի բովանդակության մեջ որևէ բան փոփոխել չէինք կարող, այդ հարցադրումը մեզ լրագրողներն էլ տվեցին, որ մեղադրանքը նույնն է։ Մենք պարզաբանել ենք, որ մեղադրանքի բովանդակությանը դատարանները թույլ չեն տվել անդրադառնալ։ Հրապարակային դատաքննություն է տեղի ունենում, մեղադրանքները ներկայացվում են անձանց:
Լեզվի իրավունքի հետ կապված մի հանգամանք կար․ մեղադրյալներից մեկը հայերենին պատշաճ չէր տիրապետում, թարգմանական աշխատանքներն են ապահովվել, որպեսզի անձը տեղեկանա։ Վարույթով ինչ ունենք, դատարանում հրապարակային դատաքննությամբ, լրատվամիջոցների կողմից ուղիղ եթերով հրապարակվում է»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ մինչդատական վարույթում էլ կա ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում
«Կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ արդեն մինչդատական վարույթով էլ ձեզ ասելիք կունենամ»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի ընտրություններից հետո մարտի 1-ին ցույցերի ժամանակ 10 մարդ է սպանվել։