ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է։ Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ։
Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով։ Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան՝ հիմնված անցյալի դասերի վրա և միտված դեպի կայուն ապագան։
Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր․ այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում։
Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև և նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժևորել խաղաղությունը և արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար։
Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին»։