Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։
Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանգրվան կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: