Հռոմի պապ Ֆրանցիկսոսի մահից հետո Վատիկանում և դրա պատերից դուրս արդեն իսկ մեծ թափ է առել 267-րդ պապի ընտրության հարցը։ Հնչում են հնարավոր հավակնորդների անուննեև։ Նոր պապին ընտրելու է 135 կարդինալ, որից 110-ը նշանակվել են Ֆրանցիսկոսի օրոք։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ Ֆրանցիսկոսի գաղափարական հակառակորդները պապ ընտրելու հնարավորություն չեն ունենա և ով էլ ընտրվի՝ շարունակելու է կաթոլիկ եկեղեցու գործունեությունն այն համատեքստում, ինչպիսին Ֆրանցիսկոսն է սահմանել ու առաջնորդել։ Radar Armenia-ն ներկայացնում է New York Times-ի հրապարակած ցանկը, թե ովքեր են հավակնում պապական գահին ու ինչպիսի շանսեր ունեն։
Պիերբատիստա Պիցաբալլա

Ընտրվելու դեպքում 60-ամյա կարդինալ Պիցաբալլան կլինի առաջին իտալացի պապը 1978 թվականից ի վեր։ Սակայն նա միջազգային դերակատարի համբավ ունի, ինչպես նաև հեռացվել է Վատիկանից ու քաղաքականության մշակման գործընթացից, իսկ կարիերայի մեծ մասն անցկացրել է Երուսաղեմում:
Նրա առավելություններից է այն, որ, ընդհանուր առմամբ, զերծ է մնացել կաթոլիկ դավանաբանական դոկտրինի վերաբերյալ վեճերից, ինչը կարող է նրա օգտին հակել կարդինալների մեծամասնությանը՝ որպես փոխզիջումային գործչի։ Միևնույն ժամանակ նա կարող է համարվել չափազանց երիտասարդ պապի դերի համար:
Պիետրո Պարոլին

70-ամյա կարդինալ Պիետրո Պարոլինը Հռոմի պապ Ֆրանցիսկոսից հետո համարվել է Վատիկանում երկրորդ մարդը 2013 թվականից ի վեր, երբ նշանակվել է պետքարտուղար։ Այդ կարգավիճակում նա պատասխանատու էր ներքին եկեղեցական գործերի վերահսկման և արտաքին քաղաքականության ուղղորդման համար:
Փափկախոս իտալացի և մեղմ կենտրոնամետ կարդինալ Պարոլինը խորապես ծանոթ է Կուրիային՝ կաթոլիկ եկեղեցու կենտրոնական վարչակազմին, ինչպես նաև Վատիկանի հսկայական միջազգային ցանցին։ Նա ավելի քան 20 տարի ծառայել է որպես դիվանագետ և ներգրավված եղել Վատիկանի միջազգային հարաբերություններում:
Նա տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին և իսպաներենին։ Բազմից ելույթներ է ունեցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության, կլիմայի փոփոխության և մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ միջազգային գիտաժողովներում: Նա համարվում է Ասիան փորձագիտական մակարդակով իմացող մարդ, որը իրականացրել է Չինաստանի և Վիետնամի հետ Վատիկանի հարաբերությունների ճարտարապետությունը։
Ֆրիդոլին Ամբոնգո

65-ամյա կարդինալ Ամբոնգոն Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայի արքեպիսկոպոսն է, որին Ֆրանցիսկոսը կարդինալ է դարձրել 2019 թվականին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդադար հորդորում էր կաթոլիկ եկեղեցուն «գնալ դեպի ծայրամասեր»՝ նկատի ունենալով Աֆրիկայի և Ասիայի համայնքները, որտեղ եկեղեցին նաև ամենաաշխույժն է: Այժմ հարցը հետևյալն է՝ եկեղեցին կարո՞ղ է ստանձնել այդ հանձնառությունը և պապ ընտրել Աֆրիկայից: Կաթոլիկները կազմում են Աֆրիկա մայրցամաքի բնակչության մոտ 18 տոկոսը:
Կարդինալ Ամբոնգոն մտերիմ էր եղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ՝ լինելով խորհրդատվական խմբի ինը անդամներից մեկ, որը հայտնի է որպես «Կարդինալների խորհուրդ»: Բայց կարդինալ Ամբոգոն էր, որ 2023թ. առաջնորդեց կաթոլիկ դիմադրությունն ընդդեմ համասեռական զույգերին օրհնելու Ֆրանցիսկոսի որոշմանը։
Լուիս Անտոնիո Թագլե

67-ամյա Լուիս Անտոնիո Թագլեն ֆիլիպինցի է՝ լիբերալ հակումներում ունեցող կարդինալ, ում հաճախ անվանում են «ասիական Ֆրանցիսկոս»։ Նա տարիներ շարունակ համարվում էր Հռոմի պապի առաջատար թեկնածուներից մեկը: Նա կարդինալ է նշանակվել 2012 թվականին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից, իսկ պապ ընտրվելու դեպքում կլինի ասիացին։
Հաճախ ժպտացող կարդինալ Թագլեն կրում է «Չիտո» մականունը: Նրա մշտական ուշադրության կենտրոնում են զարգացող երկրներում աղքատների և կարիքավորների հարցերը:
Կաթոլիկությունը դեռևս կարևոր դեր է խաղում նրա տարածաշրջանում, որտեղ Ֆրանցիսկոսը հետևողականորեն փորձել է կառուցել պակաս-եվրոկենտրոն ապագա ունեցող եկեղեցի:
Կարդինալ Թագլեն համարվում էր 2013 թվականի կոնկլավի ամենախոստումնալից թեկնածուներից մեկը, բայց այն ժամանակ չափազանց երիտասարդ էր թվում այդ աշխատանքի համար:
Կարդինալ Թագլեն զբաղվել է այնպիսի հարցերով, որոնք եկեղեցու ներսում պառակտիչ են համարվել, ինչպես օրինակ՝ միասեռականների ընդգրկումը, ամուսնալուծված և նորից ամուսնացած կաթոլիկներին հաղորդություն տալը:
Մատեո Զուպպի

Իտալացի 69-ամյա կարդինալ Մատեո Զուպպին առանձնանում է այն հավակնորդների թվում, ովքեր ջատագովում են Ֆրանցիսկոսի տեսակետը, ըստ որի՝ եկեղեցին պետք է լինի աղքատների ներկայացուցիչը և աջակցի նրանց:
Նա կարդինալ է նշանակվել 2019 թվականին և Ֆրանցիսկոսի հանձնարարությամբ մի շարք կարևոր առաքելություն իրականացրել։ Որոշ գնահատակնների համաձայն՝ Ֆրանցիսկոսը կհավաներ նրան որպես իր իրավահաջորդ, թեև երբեք հրապարակավ չի արտահայտվել այդ հարցի շուրջ:
Կարդինալ Զուպպին սերտորեն կապված է կաթոլիկ «Սբ. Էգիդիո» համայնքի հետ, որը զբաղվում է աղքատության հաղթահարման հարցերով։ Ըստ կարծիքների՝ այդ համայնքը կարող է էական դեր ունենալ Զուպպիի հաղթանակում, ինչը միաժամանակ մտահոգիչ է, քանի որ դրա արդյունքում համայնքը կարող է մեծ ազդեցություն ունենալ Զուպպիի վարած քաղաքականության վրա։
Վերջին տարիներին Ֆրանցիսկոսը կարդինալ Զուպպիին նշանակել էր Ուկրաինայի հարցերով բանագնացի առանցքային դերում:
Պետեր Էրդո

Ակնկալվում է, որ հունգարացի 72-ամյա կարդինալ Պետեր Էրդոն կլինի այն կարդինալների առաջնորդը, ովքեր ցանկանում են վերադառնալ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի և Բենեդիկտոս 16-րդի պահպանողականությանը:
Հովհաննես Պողոս 2-րդը 2003 թվականին նրան կարդինալ գլխարկ է շնորհել՝ դարձնելով 50 տարեկանում ամենաերիտասարդ կարդինալն այդ ժամանակ: Նա համարվում է խելացի դիվանագետ, որը կարող է կամուրջներ կառուցել Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում կաթոլիկների հետ, լավ կապեր հաստատել այլ կրոնական խմբերի հետ: Նա հաճախ է մասնակցել Հոլոքոստին նվիրված միջոցառումներին:
Նա մի շարք գրքերի հեղինակ է, տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին, իտալերենին, ռուսերենին և իսպաներենին: Նա դեմ է արտահայտվել ամուսնալուծված կաթոլիկներին հաղորդություն ընդունելու թույլտվությանը և ներգաղթյալներին անվերապահորեն ընդունելուն:
Անդրես Արբորելիուս

Ստոկհոլմի 75-ամյա եպիսկոպոս Անդերս Արբորելիուսը, ով 20 տարեկանում է ընդունել կաթոլիկությունը, Շվեդիայի առաջին կաթոլիկ կարդինալն է:
Թեև Շվեդիան ժամանակին հիմնականում լյութերական էր, իսկ այժմ՝ աշխարհիկ, այն եզակի եվրոպական երկրներից է, որտեղ Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքերն աճել են վերջին տարիներին.
Վերջերս տված հարցազրույցում կարդինալ Արբորելիուսը հայտարարել էր, որ Եկեղեցու առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը բևեռացված աշխարհում կամուրջներ կառուցելն է՝ կանանց ավելի մեծ ազդեցություն տալով Եկեղեցում և օգնելով ընտանիքներին սերնդեսերունդ փոխանցել հավատքը։Նա նաև գուշացնում էր քաղաքական հոսանքների վտանգավորության մասին, որոնք կարող են պառակտել եկեղեցին. «Մենք չպետք է կուսակցություններ ստեղծենք կաթոլիկ եկեղեցու ներսում».
Կարդինալ Արբորելիուսը Ֆրանցիսկոսի պես աջակցություն է հայտնել ներգաղթյալներին, սակայն դեմ արտահայտվել միասեռ զույգերին օրհնելուն։