Քաղաքական

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, սկսվեց քաշքշուկ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ արտահերթ նիստում իրավիճակը լարվեց։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիշեցրեց, որ 1915թ. ցեղասպանությունից 3 տարի անց ՀՅԴ-ն բերել էր Թուրքիայի հետ հաշտության և բարեկամության մասին պայմանագիր, և դա չէր համարում ուրացում. «110 տարի անց երեսպաշտորեն ուզում եք բերել նախագիծ՝ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար»։

«Ի՞նչ ներքին վեճ ունեք դուք, ես չեմ հասկանում։ Ակնհայտ ներքին վեճ ունեք»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով,- «Դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք՝ ՀՅԴ-ականներով, «Հայաստան» դաշինքի մյուս անդամներն էլ «պլեն» են ընկել այս խոսակցությանը»։

Արծվիկ Մինասյանն ուզեց արձագանքել, կոչ արեց մեկնաբանություններ չանել։

«Նստեք, նստեք...ինչո՞ւ չանեմ։ Նստեք։ Լավ, կանգնիր, Մինասյան։ Դու էլ նստած մնա»,- ասաց Սիմոնյանը՝ դիմելով Իշխան Սաղաթելյանին։

Սաղաթելյանի՝ տեղից արձագանքին Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Մանկապարտեզ չի, հանգիստ։ Նախ, Դուք-ով խոսիր, երիտասարդ, լսո՞ւմ ես, նստի տեղդ, հանգստացի»։ Իշխան Սաղաթելյանն էլ տեղից բղավեց։

Այնուհետև քաշքշուկ սկսվեց ՔՊ և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների մեջ` սկզբում քաշքշուկ եղավ Վահե Ղալումյանի ու Գեղամ Մանուկյանի միջև, այնուհետև միջամտեցին մյուս պատգամավորները։

ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։