«Սահմանադրական դատարանը չի նեղացրել գույքի շրջանակը, հակասահմանադրական չի ճանաչել ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքը․ մեկնաբանել է այդ կանոնակարգումներն ու իրավական պրակտիկայի շրջանակներում տվել դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը». ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը։
«Ցանկացած առանձին դեպք առանձին ուսումնասիրությունների կարիք ունի։ Օրենքի հիմքում ի սկզբանե դրվել է այն, որ գույքը պետք է ապօրինի ծագում ենթադրի։ Եթե ապօրինի ծագումը առկա է ու փոխկապակցված է անձի կողմից, ու նա համապատասխան պաշտոն է զբաղեցրել ծավալած իր գործունեության հետ, ապա այդ գույքը կվերադարձվի իրական սեփականատիրոջը»,- նշեց Վարդանյանն՝ ընդգծելով, որ պետք է կարդալ ՍԴ որոշման ամբողջ տեքստը՝ վերջնական հասկանալու համար։
Վարդանյանը զարմանք հայտնեց այն ընդդիմադիր գործիչների վարքագծի վերաբերյալ, ովքեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքն ամբողջությամբ էին վիճարկում ՍԴ-ում։