Քաղաքական

Հունաստանի կառավարությունը ողջունում է խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում կապերի ընդլայնման ու համանման հանձնաժողովների ակտիվ փոխգործակցության հեռանկարները:

Անդրադարձ է եղել հայ-հունական ռազմական համագործակցությանը, որն արդյունավետ ընթանում է դեռևս 1990-ական թվականներից: Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ այդ փոխգործակցությունն այժմ ևս ամուր հիմքերի վրա է դրված. Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիրը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը, այն ներառում է բազմաթիվ գործողություններ: Կարևորվել է համատեղ զորավարժությունների անցկացումը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ է և այս հարթակում ևս կարևոր են հայ-հունական փոխգործակցության հեռանկարները: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը փաստել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամենաշատը Հունաստանում են հայ սպաները կրթություն ստանում և խոսել Հունաստանի հետ ռազմական համագործակցության կրթական բաղադրիչի արդյունավետության մասին:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Անդրանիկ Քոչարյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դեսպանն, իր հերթին, ընդգծել է, որ Հունաստանի կառավարությունը ողջունում է խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը և կարևորում խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Խրիստոս Սոֆիանոպուլոսի խոսքով իրենք կողմ են միջազգային իրավունքին, սահմանների անձեռնմխելիությանը և ինքնիշխանությանը:

Զրուցակիցները քննարկել են աշնանը Հայաստանում նախատեսվող ՆԱՏՕ ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացմանը վերաբերող հարցեր: