Քաղաքական

«Մի անցեք Ձեր չափերը», «Իմ չափերը ես եմ գծում». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Մի անցեք Ձեր չափերը», «Իմ չափերը ես եմ գծում». ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, ապա՝ Արծվիկ Մինասյանի միջև։ 

Ռուբինյանը նկատողություն արեց Խաչատրյանին՝ տեղից արձագանքելու համար, ինչից հետո կրքերը բորբոքվեցին. 

«Նախ, լռեք, հետո ինձ հետ խոսեք հարգալից, մի անցեք Ձեր չափերը»,- ասաց Ռուբինյանը։ Խաչատրյանն արձագանքեց. «Ես եմ գծում իմ չափերը»։

«Լավ չեք գծում ուրեմն, ուրեմն ես կգծեմ հիմա, հանգստացեք»,- պատասխանեց Ռուբինյանը։ 

Նույն ելույթի ընթացքում ևս մեկ վեճ էլ եղավ, երբ Քրիստինե Վարդանյանն ասաց. «Չեմ հիշում՝ Մարիա Կարապետյանը, թե Սոնա Ղազարյանը... շատ տարբերություն չկա»։ Այս արտահայտությունը դուր չեկավ Ռուբինյանին. 

«Տիկին Վարդանյան, հարգալից խոսեք»,- արձագանքեց Ռուբինյանը։ 

Վեճին դահլիճից միացավ Արծվիկ Մինասյանը։ Նա վեր կացավ տեղից ու բղավոցներով պատասխանեց Ռուբինյանին, ինչից հետո վերջինս հորդորեց նրան լռել ու նստել։