ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին 7 տարիներին իրենք առաջնորդել են Հայաստանը, տեսել պարտություն, ողբերգություն և ցասում. «Բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում։ Մենք առաջնորդել ենք և զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն և, հետևաբար, ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիքի, պետության ու նրա ժողովրդի համար»։
Նա նաև նշել է, որ բարձր ու վստահ կարող է ասել՝ մենք մեր պատմության գագաթնակետին՝ կուլմինացիային ենք հասել․ «Մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել»։
Ըստ նրա՝ ռիսկերը միշտ եղել են, բայց չենք տեսել ու չենք օգտագործել դրանք կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը. «Իսկ այսօր տեսնում ենք, կառավարում, չեզոքացնում։ Եվ այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որ ձեռնարկվում են վերջին տարիներին՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ։ Այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ ու բարեկեցիկ ապրելու՝ քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում՝ ամենից բարձր ու առաջնահերթ»։