«Պետականության կառուցումն այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է»,- ասել է նա՝ հիշեցնելով իրական Հայաստանի ու Պատմական Հայաստանի մասին իր ելույթը։
«1980-ականների վերջին ՀՀ անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության և պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն՝ մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ՝ Ղարաբաղի հարցի համար»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ շուրջ 30 տարի կառուցվել է պետության մի մոդել, որը էապես նվիրված է եղել ԼՂ հարցի լուծմանը, ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Նա նշել է, որ ինքն էլ հաշտ է եղել այդ մոդելի հետ մինչև այն պահը, երբ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց-կամաց հասկացել է՝ «եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են ԼՂ հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար ԼՂ հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա՝ մեր պետականությանը վերջ դնելու համար»։ Նրա խոսքով, այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել 2018թ., եզրափակիչ փուլ մտավ 2020թ. սեպտեմբերին, իսկ գագաթնակետին հասավ 2021թ. մայիսին. «Այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև ՀՀ-ում»։
Նա նաև շեշտել է. «Կառավարող մեծամասնությունն ու անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար»: