Քաղաքական

«Ասել, որ Բայրամովի հետ ունենք վերջնական պայմանավորվածություն, չափազանցություն է». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք նախարար Բայրամովի հետ Անթալիայում փորձեցինք մի փոքր առաջ գնալ։ Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, չափազանցություն կլինի, բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել», - հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը լուծարելու՝ Ադրբեջանի պահանջի մասին, նա հայտարարել է. «Դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու, ինստիտուցիոնալ ավարտն ազդարարելու դեպքում, օրինակ, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք կարիք չենք ունենա միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ գոյությունը որևէ հավելյալ արժեք չի տա, ընդհակառակն, կարող է բացասական ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության և ստորագրված համաձայնագրի պարագայում։ Այդ պատճառով մենք կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ այդ փաստաթղթերը կարող ենք ստորագրել նույն օրը, ինչ հաջորդականությամբ էլ որ ցանկանան»։

Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Միրզոյանն ասել է, որ այդ մասին շատ է խոսվել. «Պետք է հասկանալ՝ որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Եթե սա պարզապես գործիք է, խոսույթ, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և ստորագրված խաղաղություն չունենալու համար, սա մի իրավիճակ է։ Եթե նրանք անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է»։